Գրքի մասին
Հայկական Աստղագիտական Ընկերությունը ներկայացնում է
աստղագետ Ավետիք Գրիգորյանի հեղինակած «Դարերի խորքից դեպի Տիեզերք» հայերեն գիտահանրամատչելի գիրքը (տես որոշ հատվածներ):
Գիրքը ներկայացնում է
հետաքրքրաշարժ, գիտահանրամատչելի պատմություն ճանաչման այն ուղու մասին, որ անցել է մարդկությունը օդագնացության, ավիացիայի, աստղագիտության և տիեզերագնացության բնագավառներում՝ սկսած քարե դարից մինչև մեր օրերը, ինչպես նաև գալիք տիեզերական ապագայի մասին: Հրապուրելով արտաերկրային, արտասովոր երևույթներով ու առեղծվածներով՝ գիրքը քայլ առ քայլ տանում է ընթերցողին պարզ, սովորական գաղափարներից դեպի խոր, բազմակողմանի բնագիտական ու տեխնիկական գիտելիքներ, արթնացնում նրա մեջ պրպտող հետաքրքրասիրություն, զարգացնում ստեղծագործելու ձգտում և ունակություն, ինչպես նաև տալիս է համապարփակ աշխարհայացք Տիեզերքի և նրա ուսումնասիրության մասին:
Գիրքը նախատեսված է
հանրակրթական դպրոցի 6-12-րդ դասարանցիների, ուսանողների, ուսուցիչների և բոլոր նրանց համար, ում հետաքրքրում է իրենց շրջապատող աշխարհը: ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտն անցկացրել է գրքի փորձաքննություն և երաշխավորել այն որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ հանրակրթական ավագ դպրոցի համար:
Գրքի հրատարակումն առնչվում է
Հայաստանի համար հետևյալ կարևոր խնդիրների հետ.
- Աստղագիտության առարկան կանգնած է միջնակարգ և անգամ բարձրագույն կրթական համակարգից դուրս մղվելու վտանգի առջև: Աստղագիտությամբ դարերից ի վեր զբաղվող ու մեծ նվաճումների հասած ազգը կարող է անվերադարձ կորցնել իր այդ ներուժը:
- Արտասահմանյան հովանավորչությունը կրթական համակարգին հաճախ սահմանափակվում է հումանիտար ուղղություններով՝ ինչից գիտատեխնիկական բնագավառների դիրքերը թուլանում են: Գիրքը կարող է էապես լրացնել այս բացն ու հանդիսանալ Հայաստանին իր գիտատեխնիկական ավանդույթներին վերադարձնող գործոն::
- Հայ ազգի և նրա անվանի գործիչների զգալի ներդրումը նշված բնագավառներում ներկայացված է գրքում համաշխարհային գիտության և տեխնիկայի զարգացման պատմության համատեքստում: Դա ոգևորող օրինակ է աճող սերնդի համար, ինչպես նաև միջոց է մեր ազգը աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու համար:
Գրքին ծանոթացել են և բարձր գնահատական տվել
- ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, ֆ.մ.գ.թ. Հայկ Հարությունյանը (աստղաֆիզիկոս),
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Էլմա Պարսամյանը (աստղաֆիզիկոս),
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Իշխանյանը (ֆիզիկոս),
- ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սահարյանը (ֆիզիկոս),
- ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Սարգսյանը (ֆիզիկոս),
- «Քվանտ» վարժարանի տնօրեն, ֆ.մ.գ.թ. Ռոբերտ Վարդանյանը (ֆիզիկոս),
- «ՀՀ դպրոցականների օլիմպիական շարժում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մայելս Ազիզբեկյանը (ֆիզիկոս),
- ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տնօրեն Ֆերդինանդ Ղարիբյանը և այլոք:
Հովանավորություն և բաժանորդագրություն
Հանրագիտարանային գրքերի հրատարակման հարուստ փորձ ունեցող «Արեգ» հրատարակչությունը կատարել է հրատարակչական աշխատանքները, բայց տպագրման համար պահանջվող գումարը նրա հնարավորություններից վեր է (A4 չափի 460 գունավոր էջեր կավճապատ թղթի վրա): Ուստի՝ գրքի տպագրման համար անհրաժեշտ է ֆինանսական օժանդակություն: Այս հարցում մենք ակնկալում ենք գործարարների, բարերարների և նվիրատուների աջակցությունը:
Հովանավորել ցանկացող անձինք և կազմակերպությունները (այդ թվում նախարարություններ, բանկեր, հիմնադրամներ) կարող են դիմել հեղինակին՝ քննարկելու համար այս ազգանվեր գործին գումար տրամադրելու հետ կապված մանրամասները (տես հովանավորների ընթացիկ ցուցակը):
Գիրքը ձեռք բերելու ցանկություն ունեցող անձինք և կազմակերպությունները (այդ թվում նախարարություններ, կրթական կենտրոններ, գրադարաններ) կարող են բաժանորդագրվել այստեղ: Որքան պահանջարկը մեծ լինի, այնքան տպագրության խնդիրը հեշտ և շուտ կլուծվի: Բաժանորդագրվելով՝ Դուք և՛ կնպաստեք գրքի լույս տեսնելուն, և՛ կապահովեք Ձեր համար գրքի ձեռք բերումը, անգամ փոքր տպաքանակի դեպքում (տես ընթացիկ ցուցակը):
Շատ երկար սպասված գիրք է, Համոզված եմ որ մեծ հաջողություն կունենա : Ես հենց հիմա բաժանորդագրվում եմ :
mec anhamberutyamb spasum em grqi hratarakmany
Ես էլ ժամանակին մասնակցում էի պարոն Գրիգորյանի վարած Տիեզերագիտական խմբակի դասընթացներին: Բավականին հետաքրքիր և ուսանելի դասընթացներ էին: Վստահ եմ, որ հիմա ծրագիրն ավելի հագեցած է նորություններով: Երբեք չէի մտածում, որ կարող եմ մի օր իմ 8 տարի առաջվա սովորած նյութերը ընթերցել որևէ գրքում, բայց այս գրքի հեղինակն ինձ իրոք մեծ նվեր մատուցեց` գրելով այս հրաշալի գիրքը: Միայն նախաբանն ընթերցելն արդեն վկայում է գրքի հետագա նյութի բարձր որակի մասին: Ես վստահ եմ, որ գիտությամբ հետաքրրվող յուրաքանչյուր ոք մի օր հանգում է Տիեզերքի հրաշքների մասին մտորումներին: Ես ինքս էլ` որպես փիլիսոփայություն ուսումնասիրող մարդ, շատ մեծ հաճույքով ընթերցել եմ այս կայքում ներառված գրքի հատվածները, ու անհամբեր սպասում եմ գրքի տպագրությանը: Շնորհակալություն Ձեզ, պարոն Գրիգորյան, ինձ նման նվեր մատուցելու համար:
Ինձ շատ պետքական գիրք է: Համոզված եմ` այն կօգնի իմ ֆիզիկայի դասերն ավելի հետաքրքիր դարձնելուն, և հենց հիմա բաժանորդագրվում եմ :